Շնորհավորում ենք մեր ժողովրդին ապստամբության օրվա առթիվ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Շնորհավորում ենք մեր ժողովրդին ապստամբության օրվա առթիվ


Ապստամբության իրավունքը բնական իրավունք է։ Այն ինքնապաշտպանության իրավունքի բաղադրիչ է և ուղղակիորեն ամրագրված է միջազգային իրավունքի ու մի շարք գերտերությունների հիմնարար ակտերում։ Բացի այդ, այն անուղղակի կերպով ամրագրված է նաև բազմաթիվ պետությունների սահմանադրություններում՝ ի դեմս իշխանությունը ժողովրդին պատկանելու վերաբերյալ դրույթի։

2016 թ․ հուլիսի 17-ին Սասնա Ծռեր խմբավորումը, աչքի առաջ ունենալով պայմանավորված պատերազմի անխուսափելի հեռանկարը, զինված ապստամբությամբ իրացրեց դրա իրավունքը և ազդարարեց, որ հայ ազգը դեմ է Արցախն օտարելու և Հայաստանի Հանրապետությունը լուծարելու ռուս-թուրքական ծրագրին։ Ապստամբությունը նպատակ դրեց ժողովրդի կամքի պարտադրմամբ տապալել այդ ծրագիրն սպասարկող ռեժիմին, ձևավորել ազգային կառավարություն և ազատագրվել ռուսական գաղութատիրությունից։


Ապստամբությունը թեև չհասավ իր ամբողջական նպատակին, սակայն ժամանակավորապես կասեցրեց ռուս-թուրքական ծրագիրը՝ հնարավորություն ստեղծելով քայլեր ձեռնարկել աղետից խուսափելու համար։

Մոսկվան, հենվելով հայաստանյան իշխանական և կեղծ ընդդիմադիր գործիչների վրա, կարողացավ երկու տարի անց՝ 2018 թ․, թամբել հասունացած հեղափոխական ալիքը, ներգրավել ամբողջ ժողովրդին, ապա շինծու առաջնորդների միջոցով խաբեց ժողովրդին ու հեղափոխությունը վերածեց հակահեղափոխության։

Նոր իշխանությունները, փոխանակ օգտագործելու Սասնա Ծռերի ապստամբության շնորհիվ շահած ժամանակը՝ հակահայկական արտաքին քաղաքականությունը վերանայելու և պաշտպանական համակարգը հզորացնելու նպատակով, նախկին իշխանությունների հետ միասին ձեռք-ձեռքի տված թիրախավորեց ապստամբությունն ու ապստամբներին և գիտակցաբար մսխեց շահած ժամանակը։

Սասնա Ծռերի ապստամբներն առ այսօր ամբաստանվում են ու հալածվում։ Նրանցից Սմբատ Բարսեղյանը մինչ օրս շինծու մեղադրանքներով գտնվում է բանտում։ Մինչդեռ նախկին իշխանությունները, որոնց դեմ 2018 թ․ ընդվզել էր ամբողջ ժողովուրդը, ազատվեցին բոլոր մեղադրանքներից և կեղծ հեղափոխական ուժի հետ միասին ձևավորեցին ներկայիս խորհրդարանը։ Ավելին՝ նախկին իշխանությունների ցուցումով Սասնա Ծռերի ապստամբներին դատարանի նկուղում ոստիկանների կողմից խոշտանգելու վերաբերյալ գործը գլխավոր մեղադրյալի մասով կարճվեց, իսկ մնացյալի մասով կասեցվեց։


Փաստորեն՝ 2018 թ․ այսպես կոչված հեղափոխությունն ուներ երկու նպատակ՝ չեզոքացնել Սասնա Ծռերին ու նրանց ապստամբության ձեռքբերումը և ապահովել ռուս-թուրքական ծրագրի իրականացումը։

Եվ ահա հաջորդիվ՝ 2020 թ․ աշնանը, Մոսկվան Անկարայի ու Բաքվի հետ միասին՝ հայաստանյան կեղծ հեղափոխական իշխանությունների և կեղծ ընդդիմադիր նախկին իշխանությունների դերաբաժանված ներգրավմամբ սանձազերծեց պայմանավորված պատերազմ, որն ավարտեց մեզ համար պետականակործան կապիտուլյացիոն պայմաններով։ Իսկ արդեն այս տարի Մոսկվան վերահսկելի ընտրությունների միջոցով ձևավորեց Հայաստանի Հանրապետության լուծարային իշխանություն, որը պետք է միջազգային-իրավական կարգով ամրագրի Արցախի օտարումը, Թուրքիայի ու Ադրբեջանի միջև Սյունիքի թափանցիկացումն ու պետական ինքնիշխանության հանձնումը։

Ազգային-ժողովրդավարական բևեռն ապստամբության օրվա առթիվ շնորհավորում է մեր ժողովրդին և հավաստիացնում, որ ամեն ինչ անելու է կարճաժամկետ հեռանկարում հեղափոխությունը նրան վերադարձնելու և ինքնիշխան, անվտանգ, արժանապատիվ ու բարեկեցիկ Հայրենիք ունենալու նրա իղձն իրականություն դարձնելու համար։

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ
17 հուլիսի 2021 թ․, Երևան

Բաժիններ