Կոչ ենք անում մեր բոլոր համակիրներին այսուհետ մասնակցել ԱԺ բևեռի հանրային միջոցառումներին

Ազգային առաջընթաց կուսակցության հայտարարությունըԱրցախի բռնազավթմամբ և գործող կառավարության ու Իմ քայլը խմբակցության վարքագծից ակնհայտ է դառնում, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է կրել անդառնալի կորուստներ։ Այն վարում է միևնույն կործանարար քաղաքականությունը, ինչ բոլոր նախորդ իշխանությունները՝ սկսած 1990-ականներից։

Որպես այս ապազգային գործընթացը կանգնեցնելու միակ իրատեսական տարբերակ, մենք տեսնում ենք նախկին և ներկա իշխանավորներից ու նրանց արբանյակ ուժերից ու անհատներից զերծ անցումային կառավարության ձևավորումը և արմատական բարեփոխումների իրականցումը, որից հետո միայն արտահերթ ընտրությունների կազմակերպումը։  

Նշված օրակարգն իր ընդհանուր գծերով հանդիսանում է նաև Ազգային ժողովրդավարական բևեռի և այլ ուժերի ու անհատների հայտարարած օրակարգը, ուստի նման բոլոր ուժերը պարտավոր են համագործակցել և միաբանվել՝ հանուն ազգի ու պետականության։

Հետևաբար, մենք որոշում ենք կայացրել միավորել մեր ուժերը Ազգային ժողովրդավարական բևեռի հետ, և միասնական ուժերով հասնել նշված օրակարգի իրագործմանը։

Վստահ ենք՝ նման օրակարգ ունեն նաև այլ անհատներ ու ուժեր, որոնց ևս հորդորում ենք մի կողմ դնել իրենց տարաձայնությունները և միավորվել Ազգային ժողովրդավարական բևեռ համագործակցության տրամաբանության ներքո՝ ձևավորել միասնական գաղափարախոսություն, հստակ ծրագիր, անցումային փուլի անելիքների հստակ շրջանակ և մշակել դրան հասնելու մարտավարությունը։

Կոչ ենք անում մեր բոլոր համակիրներին այսուհետ մասնակցել Ազգային ժողովրդավարական բևեռի հանրային միջոցառումներին, հանրահավաքներին ու երթերին, իսկ հունիսին կայանալիք ընտրություններին՝ հնարավորության դեպքում մասնակցել միասնական ճակատով՝
- թույլ չտալու համար բոլոր նախորդ վարչախմբերի, ԱԺ-ում նախկինում և ներկայումս ներկայացված և ոչ մի ուժի վերադարձ իշխանության (17-ի ուժերին և Իմ քայլին համարում ենք լայն առումով միևնույն ազգակործան երևույթը) և
- հիմնադրելու ազգային, ժողովրդավարական, իրավական և ինքնիշխան պետություն, որտեղ Արցախը, Նախիջևանը, Քարվաճառը և Շուշին հայկական են, որտեղ Հայաստանի Հանրապետությունն ունի իրական դաշնակիցներ, էներգետիկ անվտանգություն և տնտեսական զարգացման հնարավորություններ։

Ազգային առաջընթաց կուսակցության վարչություն

Բաժիններ