Քոչարյան-Փաշինյան «գզվռտոցն» օտարն է մեր գլխին սարքում, որ մեր հիմնական առաքելությունից շեղվենք

Վարուժան Ավետիսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը։

– Պարոն Ավետիսյան, իշխանությունները որոշեցին չեղարկել արտահերթ ընտրությունները՝ հիմնավորելով, թե հասարակության լայն շերտերում նման պահանջ չկա։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս որոշման մասին։

Դեռ մինչ այս իրադարձությունները, մինչ պատերազմը, երբ արդեն կար ճգնաժամը, ասում էինք, որ անհրաժեշտ է անցումային ժամանակավոր կառավարություն ձևավորել։ Առաջինը մենք ենք այդ մասին խոսել, հետո որոշները վերցրին մեր գաղափարն ու աղավաղված տեսքով ներկայացրին։ Մենք մեր տեսակետը պահպանում ենք՝ անհրաժեշտ է ժամանակավոր, անցումային կառավարում իրականացնել, նախապատրաստել, պայմաններ ու նախադրյալներ ստեղծել ընտրությունների համար։ Հայաստանում մինչ օրս ընտրություն չի եղել։ Մեր ասածը ենթադրում է նոր Սահմանադրության ընդունում, հակաճգնաժամային լուծումներ բոլոր ոլորտներում և առաջին հերթին պաշտպանության բնագավառում։ Ընտրություններ պետք է լինեն առանց դաշտում առկա սև-սպիտակ բաժանումների, Փաշինյան-Քոչարյան գզվռտոցի, որն օտարն է մեր գլխին սարքում, որ մեր հիմնական առաքելությունից շեղվենք ու քայքայիչ գործողություններով զբաղվենք։

– Ձեր կարծիքով՝ հասարակությունն այժմ Քոչարյան-Փաշինյան երկընտրանքի առա՞ջ է։

– Չեմ պնդում, որ ամբողջ հասարակությունն այդ երկընտրանքի առաջ է, բայց դա է մատուցվում ժողովրդին։ Ընդ որում, պարտադրվում է զանգվածաբար, իսկ դա Կրեմլի խաղն է։ Փորձում են մի կողմից քաոսը խորացնել, մյուս կողմից՝ հեռու պահել իրական օրակարգից։

– Ի՚՞նչ դիտարկումներ ունեք Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծելու, Ռուսաստանի կազմի մեջ մտնելու նախաձեռնությունների, քարոզի մասին։

Դա հակապետական, հակազգային, նաև հակաիրավական գործունեություն է։ Այն պետք է կանխվի և չեզոքացվի, բայց փոխարենը պետական ակադեմիական թատրոնի դահլիճն են տրամադրում։ Բայց եթե մենք դիմեինք, հաստատ քաղաքական նպատակներից ելնելով մեզ չէին տրամադրելու։ Գիտեք, որ դա կառավարությունն է տրամադրում։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Կրեմլի այդ խաղն է խաղում, ամեն ինչով սպասարկում Հայաստանի գաղութացման գծին ու մասնակցում երկակի խաղին։ Այդպիսով փորձում է կեղծ պայքարի տպավորություններ ստեղծել։ Ամեն ինչ Կրեմլն է խաղարկում, երկու կողմն ընդամենը խամաճիկներ են։

– Կարծում եք՝ հասարակության մոտ այդ տրամադրությունների քարոզն ինչ-որ ազդեցություն կունենա՞՝ հատկապես պատերազմից հետո։

– Ընդհակառակը։ Հասարակության գիտակից, քաղաքականապես ակտիվ հատվածն ամբողջությամբ գիտակցել է Կրեմլի կործանարար քաղաքականությունը մեր նկատմամբ, ռուս-թուրքական գործարքի հետևանքները։ Ռուսաստանն իր դարավոր հակահայկական քաղաքականությունն է վարում, իսկ մեր ժողովրդի քաղաքականացված մասը դա հասկացավ։ Ժամանակի ընթացքում այդ պատկերացումները զուլալվելու են, հատկապես Կրեմլի թուլանալու, բուն Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումների շնորհիվ։ Դա մեր օգտին է, և մենք տեսնում ենք, որ կա դրական գործընթաց ու պետք է պատրաստ լինենք ապագաղութացվելու։

Բաժիններ