ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Անհրաժեշտ են արտարժույթի արտահոսքի խափանման արտակարգ քայլեր

Ռուսաստանը, նպատակ ունենալով մեղմել Ուկրաինայի դեմ ագրեսիայի պատճառով իր նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, փորձում է օգտագործել նաև իր հետ սերտորեն կապված Հայաստանի ֆինանսական համակարգը։Մասնավորապես, Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում իր տարածքում առաջացած արտարժութի դեֆիցիտը Հայաստանի հաշվին լրացնելու համար՝ ՌԴ ռուբլով ԱՄՆ դոլար և ԵՄ եվրո գնելու (ուղիղ կամ ՀՀ դրամով միջնորդավորված ձևերով) և Ռուսաստան տեղափոխելու միջոցով։Ընդ որում՝ այս մեխանիզմները կիրառելի են ՌԴ ռուբլու ցանկացած փոխարժեքի պարագայում։Այս երևույթը լուրջ վտանգ է առաջացնում ՀՀ ազգային անվտանգության համար, քանի որ Ռուսաստանը կարող է մեզ զրկել ԱՄՆ դոլարի և ԵՄ եվրոյի շրջանառու ու նույնիսկ պահուստավորված միջոցներից։Ազգային-ժողովրդավարական բևեռը նշված վտանգը հնարավորինս չեզոքացնելու համար անհրաժեշտ է համարում․ 1. Ստեղծել համապատասխան լիազորություններով օժտված ճգնաժամային կառավարման միջգերատեսչական մարմին (հանձնաժողով, հանձնախումբ կամ այլ), որը պետք է ունենա հաղորդակցման «մեկ ձայնի» (մեկ ներկայացուցչի) մեխանիզմ։2. Կազմել և կյանքի կոչել ստեղծված արտակարգ իրավիճակի հաղթահարման ռազմավարություն, որի իրագործմամբ․Ա) Խիստ հսկողություն (ring-fencing) սահմանել Հայաստանում գործող ռուսական բանկերի մասնաճյուղերի և նրանց շահառուների նկատմամբ՝ դեպի ՌԴ տարածքում գտնվող իրենց մայր հաստատություններ արտարժույթի արտահոսքը կանխելու համար։Բ) Արգելել իրավաբանական անձանցից ՌԴ ռուբլու առքը, ինչպես նաև մեկ օրվա ընթացքում մեկ մարդու/տրանզակցիայի միջոցով 300 ԱՄՆ դոլարին համարժեք գումարից ավել ՌԴ ռուբլու ներհոսքը Հայաստան։ Դրա շնորհիվ կխափանվի մեծ քանակությամբ ՌԴ ռուբլու ներհոսքը, ինչպես նաև ՀՀ դրամի հետագա արժեզրկումը։Գ) Պարզեցված ընթացակարգով (ՀՀ դրամով կամ ԱՄՆ դոլարով) ճգնաժամային վարկային գծեր (Emergency Liquidity Assistance) տրամադրել այն բանկերին, որոնք ունեն արժեզրկված ՌԴ ռուբլով վարկերով և առևտրով պայմանավորված դժվարություններ։Դ) Սահմանափակել Հայաստանում գործող ռուսական խոշոր կապիտալի (ՀԷՑ, Գազպրոմ Արմենիա և այլն) ձեռքում գտնվող ՀՀ դրամով ԱՄՆ դոլար կամ ԵՄ եվրո ձեռք բերելու հնարավորությունները։Ստեղծված արտակարգ իրավիճակում վերը նշված քայլերը չկատարելու պարագայում այլևս չի կարող կասկած լինել, որ գործող վարչակազմը Ռուսաստանին է հանձնում նաև Հայաստանի ֆինանսաբանկային համակարգն ու առկա արտարժույթը, ինչի հետևանքով տնտեսության և երկրի համար կառաջանան աղետալի հետևանքներ։Միևնույն ժամանակ ԱՄՆ-ին և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միացած այլ երկրներին ու կազմակերպություններին հորդորում ենք քայլեր ձեռնարկել, որպեսզի Ռուսաստանը չկարողանա Հայաստանի կրեմլահպատակ վարչակազմի միջոցով սողանցքներ ստեղծել պատժամիջոցներից խուսափելու կամ դրանց ազդեցությունը մեղմացնելու համար։ Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ4 մարտի 2022 թ․, Երևան

Բաժիններ