ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պահանջում ենք կազմակերպել, զինել և պատրաստել Սյունիքի և մյուս վտանգված գոտու բնակչությանը
Հայաստանի Հանրապետության Արցախի մարզը միասնաբար զավթելուց և բաժանելուց հետո Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են Հայաստանի Հանրապետության տարածքի և ինքնիշխանության հաշվին տարածաշրջանի ճարտարապետությունը վերաձևելու իրենց ռազմավարությունը:

Թշնամական եռյակ դաշինքն իր ռազմավարության իրագործման համար Ադրբեջանի միջոցով կիրառում է ռազմական հարձակումների և ճեղքումների մարտավարություն՝ դրանով ստեղծվող գոյութենական սպառնալիքով Հայաստանի քաղաքացիների կամքը կոտրելու և իրեն հնազանդեցնելու համար, իսկ Հայաստանի կառավարությունն ի նպաստ դրա ձախողում է Զինված ուժերի միջոցով պաշտպանության ապահովումը, ինչպես նաև հրաժարվում է կազմակերպել, զինել ու պատրաստել առնվազն Սյունիքի ու մյուս վտանգված գոտու բնակչությանը, ինչի շնորհիվ թշնամու ստեղծած սպառնալիքը դառնում է առավել իրական ու արդյունավետ:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող անձից և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետից ու բարձրագույն հրամանատարական կազմի մյուս ներկայացուցիչներից պահանջում ենք չմասնակցել այս անլուր դավաճանությանը և առնվազն կազմակերպել, զինել ու պատրաստել Սյունիքի և ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ գտնվող տարածքներին կից մյուս վտանգված գոտու բնակչությանը՝ խափանելով ցեղասպանության և պետականազրկման իրական սպառնալիքները:

Ըստ այդմ՝ պահանջում ենք անհապաղ կերպով.
1) նախաձեռնել մարտական զենք ունենալու ու կրելու իրավունք տալու և կամավորական սկզբունքով արդյունավետ ինքնապաշտպանություն կազմակերպելու համար անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների ընդունում,

2) զուգահեռաբար ինքնապաշտպանության կամավորական ստորաբաժանումներին հատկացնել անհրաժեշտ զենք, զինամթերք ու հանդերձանք, ներառյալ՝ կապի միջոցներ, ինչպես նաև կազմակերպել նրանց թիկունքային ու մարտական ապահովումը` կարևորելով պարենի մատակարարումը, համազգեստի տրամադրումը, ինժեներական (առաջնահերթորեն՝ պաշտպանական բնագծերի սարքավորման ու կահավորման), հետախուզական, քողարկման, տեղագրագիտական ապահովումը,

3) տրամադրել հրահանգիչներ և կազմակերպել կամավորականների պատրաստումը:
Միևնույն ժամանակ արձանագրում ենք, որ ներկայացված պահանջները չկատարելու պատճառով առկա սպառնալիքների իրականացման դեպքում ՀՀ Պաշտպանության նախարարության ղեկավարությունը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և բարձրագույն հրամանատարական կազմի մյուս ներկայացուցիչները ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի գլխավորությամբ ստանձնում են հավանական հայրենազրկության, ցեղասպանության և այլ ծանր հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը։

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ
19 նոյեմբերի 2021 թ., Երևան

Բաժիններ