ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Վերջ տալ խտրականությանը եւ լուսաբանել ԱԺԲ նոյեմբերի 9-ի հանրահավաքը

Հայաստանյան մեդիան, չնչին բացառություններով, տեղեկութային շրջափակման է ենթարկել Ազգային-ժողովրդավարական բեւեռի գործունեությունը։

Այդ շրջափակումն ավելի ակնհայտ է դառնում հատկապես Բեւեռի բազմահազարանոց հանրահավաքների ու երթերի ժամանակ, որոնք տեղի են ունենում գրեթե ամբողջական լրատվական վակուումի պայմաններում։

Հատկանշական է, որ Բեւեռի գործունեության տեղեկութային շրջափակման առաջատարներն են ՀՀ հարկատուների կողմից ֆինանսավորվող Հանրային հեռուստառադիոընկերությունը եւ աշխարհում հանուն ժողովրդավարության պայքարն առաջնորդող ԱՄՆ ֆինանսավորմամբ, սակայն դրանից բխող իր առաքելությանը հակառակ գործող Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայությունը։

Այս երեւույթը առանձնապես ցցուն է դառնում երեկ` նոյեմբերի 8-ին, Ազատության հրապարակում տեղի ունեցած մեկ այլ հանրահավաքը մեդիայի գրեթե բոլոր միջոցների, այդ թվում` հիշյալ երկուսի կողմից լայնորեն լուսաբանելու ֆոնին։

Հիշյալ երկու զլմ-ներին եւ մեդիայի մյուս միջոցներին հերթական անգամ հորդորում ենք կատարել իրենց իրավական ու հանրային պարտականությունները, չդրսեւորել խտրական վերաբերմունք եւ լուսաբանել այսօր` նոյեմբերի 9-ին, ժամը 18-ին Ազատության հրապարակում կայանալիք Բեւեռի հանրահավաքն ու դրան հաջորդող երթը։

Միեւնույն ժամանակ, Հայաստանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության վիճակի նկատմամբ մշտազննում իրականացնող հայաստանյան եւ միջազգային կազմակերպությունների ուշադրությունն են հրավիրում Ազգային-ժողովրդավարական բեւեռի նկատմամբ վերոհիշյալ աղաղակող խտրականության եւ ուղղորդված վերաբերմունքի վրա եւ կոչ ենք անում արձագանքել վիճակը շտկելու համար։

Ազգային-ժողովրդավարական բեւեռի խորհուրդ
9 նոյեմբերի 2021 թ., Երեւան

Բաժիններ