ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ազգային-ժողովրդավարական բևեռը կարևոր պատասխան է ստացել ԱՄՆ դեսպանիցՍույն թվականի մարտի 17-ին Ազգային-ժողովրդավարական բևեռն ի դեմս հայ ժողովրդի աջակցության և ռազմավարական դաշինք կնքելու վերաբերյալ նամակ-դիմում էր հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությանը՝  նաև երախտագիտություն հայտնելով մեկ դար առաջ  Հայաստանին և հայությանը պատուհասած աղետալի շրջանում ցուցաբերած աջակցության համար։Նամակ-դիմումին կցված էր Ազգային-ժողովրդավարական բևեռի պաշտոնական հայտարարությունը՝  Հայաստանի Հանրապետության կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգների "Ոչ ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակից" (Major non NATO ally) կարգավիճակ ձեռք բերելու կենսական անհրաժեշտության վերաբերյալ։

Սույն թվականի ապրիլի 2-ին Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան տիկին Լին Թրեյսիից ստացվել է նրա երկրի կառավարության տեսակետներն արտահայտող  պատասխան նամակ։Նամակում, որն հասցեագրված է Ազգային-ժողովրդավարական բևեռի անունից դիմումը ստորագրած Բևեռի խորհրդի անդամ Տիգրան Խզմալյանին, ասվում է. "Շատ շնորհակալ եմ Ձեր նամակի համար, որը հասցեագրված է ԱՄՆ կառավարությանը, որտեղ հիշատակել եք ԱՄՆ օգնությունը Հայաստանին 1915 թ․ ողբերգությունից հետո։ Միացյալ Նահանգները շարունակում են հավատարմորեն օգնել Հայաստանին՝ ուժեղացնելով նրա ժողովրդավարական կառույցները, նրա կապերն Արևմտյան կառույցների հետ և նրա ներգրավվածությունը տարածաշրջանային ու համաշխարհային տնտեսության մեջ՝ միաժամանակ օգնելով ամրապնդելու նրա ինքնիշխանությունը։ Մենք շարունակելու ենք աշխատել Ձեր կառավարության և հայ ժողովրդի հետ՝ կառուցելով մեր համագործակցությունը և ամրապնդելով մեր կապերը"։

Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի նամակը պարունակում է աշխարհի գերտերության քաղաքականությունն արտացոլող կարևոր դրական ուղերձներ։ Դրանցից հատկանշական են հետևյալները.

1) ԱՄՆ-ն աջակցելու է ժողովրդավարացման և Արևմուտքի հետ գործակցությամբ տարածաշրջանին և աշխարհին ինտեգրվելու միջոցով Հայաստանի ինքնիշխանությունը ամրապնդելուն,

2) ԱՄՆ-ն այդ նպատակների իրագործման համար աշխատելու է ոչ միայն կառավարության, այլև անմիջականորեն հայ ժողովրդի (ի դեմս ազգային շահերը ներկայացնող քաղաքական շրջանակների)  հետ։

Ամերիկայի Միացյալ Նահանգների այս ուղերձները վկայում են Հայաստանը ռուս-թուրքական մահացու փակուղուց դուրս՝ որպես քաղաքակիրթ աշխարհի մաս ու տարածաշրջանում դերակատար տեսնելու և մեր երկրի անվտանգությունն ու զարգացումը երաշխավորող աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ նրա պատրաստակամության մասին։

Ամերիկայի Միացյալ Նահանգների ուղերձները նաև փաստում են, որ նա Հայաստանը ռուս-թուրքական սայլին կցող կառավարությունից զատ ճանաչում և ընդունում է ինքնիշխան հայ ժողովրդի կամքն ու ընտրությունը՝ հանուն ազատ և արժանապատիվ ապագայի։ Շնորհակալություն ենք հայտնում մեր ապագա ռազմավարական դաշնակից Ամերիկայի Միացյալ Նահանգներին։

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ10 ապրիլի 2021 թ., Երևան

Բաժիններ