Գարեգին Չուգասզյանի ելույթը 2021 թ. ապրիլի 16-ին Ազատության հրապարակում

Գարեգին Չուգասզյանի ելույթը 2021 թ. ապրիլի 16-ին Ազատության հրապարակում կայացած Ազգային-ժողովրդավարական բեւեռի հանրահավաքում:

Հարգելի հայրենակիցներ

Սիրելի ժողովուրդ

Այսօր ինձ է հանձնարարված անցած շաբաթվա իրադարձությունների ամփոփումը և մեր անելիքների ներկայացումը:

1. Սկսենք վերջին օրերի անչափ կարեւոր նորություններից:

1. 1  Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակման պահանջով երեկ միաժամանակյա բողոքի ցույցեր տեղի ունեցան աշխարհի մեկ տասնյակից ավելի քաղաքներում՝ Նյու Յորք, Լյուցերն, Բեռլին եւ այլն

1.2 Ի հակադրություն այս պատկերի, ապրիլի 13-ին, Հայաստանում, Շիրակի մարզպետարանի շենքում ոստիկանությունը բռնություն գործադրեց գերի ընկած զինծառայողների հարազատների նկատմամբ։

1.3 Այս արդեն սովորական դարձած ոստիկանական բռնությունը եւ աներեւակայելի անբարոյականությունը Բեւեռն իր հայտարարությամբ արդեն իսկ դատապարտել է՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել այն հրահանգած և իրականացրած պաշտոնատար անձանց։

Մենք հայտարարում ենք, որ հետևողական ենք լինելու գերիների ազատության և նրանց հարազատների իրավունքների պաշտպանության հարցերում։ Եվ այսօրվա մեր երթը դեպի Ազգային ժողով դրա առհավատչյան է լինելու:

2. Մյուս շաբաթ Ապրիլ 24-ն է

2.1 Եվ այս տարի Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման ապրիլյան ժամանակաշրջանը համընկել է մի կողմից՝ Բաքվում այսպես կոչված “Փառքի պուրակի” բացման, ՀԱՊԿ-ի մեր չակերտավոր դաշնակից Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի կողմից նույն Բաքվից պատերազմի արդյունքի առթիվ մեզ ուղղված շնորհավորանքի, իսկ մյուս կողմից՝ Հայաստանի հանրային կյանքի ոլորտում թուրք-հայկական բարեկամության վերաբերյալ պետական պաշտոնյաների վարած անթաքույց քարոզչական արշավի և “ընդդիմության” յոթ հարկանի հարսանիքի հետ:

Տեսեք թե այս շաբաթ ինչ է բարբաջել Ալիեւը: «Մենք ուզում ենք՝ երիտասարդ սերունդն իմանա, որ Զանգեզուրը Ադրբեջանի պատմական հողն է։ Ընդամենը նայեք 20-րդ դարի սկզբի քարտեզին, և դուք այնտեղ Սևան չեք տեսնի։ Կար Գյոկչա: Նույնը վերաբերում նաև Իրևանին։ Ադրբեջանցիները, այդ թվում՝ իմ նախնիները, ապրել են այնտեղ։

Ես ասել եմ, որ մենք վերադառնալու ենք այնտեղ։ Եթե մենք վերադառնում ենք Զանգեզուրի միջանցքին, եթե օգտագործում ենք այդ ճանապարհը, ապա ինչո՞ւ չվերադառնալ Իրևան։ Ժամանակը կգա, մենք դա կանենք։ Հայաստանը մեր առջև գլուխն ու վիզը ծռած երկիր է:”

Սրանք բեղավոր հայատյացի այս շաբաթվա “մարգարիտներն են”:

2.2 Հիմա նայեք, թե ինչպես են սրան հակադարձում եւ ինչով են զբաղված չակերտավոր “արտահերթ ընտրություններին” նախապատրաստվող ներկա ու նախկին քաղաքական գործիչները: Մի կողմից  գավառական, անտաղանդ և տխմար քմծիծաղով համեմված  վարչապետական ոտանավորներ ու ստորաքարշ ծափահարություններ, մյուս կողմից՝ այսպես կոչված  “ընդդիմության” հարսանիքներ, որ ղեկավարվում են մոսկովյան էժանագին աստղ-թամադաներով եւ զարդարված են ցինիզմով լցոնված 7 հարկանի տորթերով: Եվ այս ամենը Բաքվից ժամանող դատարկ ինքնաթիռի, գերիների ու անհայտ կորածների հարազատների սրտաճմլիկ հոգեվիճակի խորապատկերի վրա...

Որն է եզրակացությունը այս ամենից:

Այս բոլորի հետեւում դժուար չէ նշմարել թաքնուած մտադրությունը:

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի խոսքերով՝

հայաստանցիների անգետ հատվածի համար նախատեսված թավշյա ձեռագրով եւ խաբուսիկ ձևակերպումներով, ամենայն հավանականությամբ գաղտնի աշխատանք է տարվում` «խաղաղության պայմանագիր» ստորագրելու ուղղությամբ։

Դրանով Հայաստանն ամրագրելու է իր պարտությունը, ոչ միայն փաստացի հրաժարվելու է իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու հեռանկարից, ինչպես նաև հավելյալ հիմքեր է ստեղծելու նորանոր զիջումների համար։

Երևանում, Բաքվում և Մոսկվայում ամենատարբեր պետական պաշտոնյաների հայտարարությունները դրա մասին են վկայում։

Ցավոք, ինչպես դիպուկ նշում է մեր շարժման մեկ ուրիշ համախոհ, ԱՄՆ-ում բնակվող Դավիթ Դավթյանը “պետության բացակայությունը հայ հանրության շրջանում առաջացրել է ամենատարբեր այլանդակ երեւույթներ՝ ինքնասպանական, դավաճանական, , խելագարության շեմին հասնող մանիպուլյացիաների եւ իմ կողմից ավելացնեմ՝ ցավից պոռթկալու փոխարեն, իր խեցու մեջ մտնելու, այլ կերպ ասած՝ ներքին արտագաղթի, երեւույթներ:

Մեզ հեռվից ունկնդրող սիրելի ժողովուրդ,

Դու պետք է ի վերջո գիտակցես, որ թե ներկա, թե նախկին իշխանությունները մեզ առաջարկում են կեղծ ընտրություն թուրքական ծովում կամ ռուսական ճահճում խեղդվելու միջեւ, մեր “պետականության ծառը” կամ թուրքական կացնով կամ էլ ռուսական սղոցով կտրելու միջեւ:

Եվ միայն քո մասնակցությունը դիմադրության շարժմանը կարող է կասեցնել այս աղետալի ընթացքը:

Սրա առաջը առնելու մի միջոց է մնացել: Ժողովրդի արթնանալը եւ իր խեցուց դուրս գալը: Միայն շարժվելը կարող է փրկել մեզ…եւ այնժամ, հավատացնում ենք ձեզ, ժողովուրդ, ինչքան բեղավոր մարդակեր Սադամը վայելեց իրանցի զոհված զինվորների սաղավարտներից կառուցված հուշարձանը, այնքան էլ Մոսկվայի էլիտար դիվանագիտական հաստատությունում մարդակերության պրոֆեսիոնալ կրթություն ստացած բեղավոր Ալիեվն է վայելելու իր կառուցած պուրակը...

Իսկ "հաղթական" Ադրբեջանն էլ կրկնելեւ է "հաղթական" Իրաքի ճակատագիրը...

Հիմա հասկանում եք թե ինչու ենք ասում … Ոչ նախկին, ոչ ներկա, ազգային ապագա…

Ոչ նախկին, ոչ ներկա, ազգային ապագա…

3. Միջազգային զարգացումների մասին

3.1. Ներկայումս միջազգային իրավիճակը կտրուկ փոխվում է ի վնաս  մեր նկատմամբ դավադրություն իրականացած պուտին-էրդողան զույգի:

Դրա վերջին վկայությունը  ԱՄՆ նախագահ Բայդենի երեկ ստորագրած հրամանագիրն է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ:

Օբյեկտիվ նախադրյալներ են ստեղծվում այս երկու բռնակալ եւ խավարամիտ ռեժիմների նկատմամբ կրկնակի զսպման միջազգային ռազմավարության իրականացման համար:

Ռուսաստանի վերսկսած ակտիվությունը Մինսկի խմբի ձեւաչափում եւ այդ խմբի այս շաբաթվա հայտարարությունը  վկայում է, որ այդ կրկնակի զսպման ռազմավարությունը ստիպելու է Միացյալ Ազգերի Կազմակերպության մանդատը ունեցող այս ձեւաչափի շրջանակներում վերսկսկել Արցախի կարգավիճակի եւ միջազգային խաղաղապահների հարցերի քննարկումները:

3.2  Վրաստանի կողմից 3+3 ռուս-թուրքական ձեւաչափի մերժումը եւ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի Վրաստան այցելությունը մեկ ուրիշ կարեւոր զարգացումներ են, որոնք պետք է չվրիպեն մեր ուշադրությունից: Վրաստանի Արտաքին գործերի նախարարի խոսքերով  ՀՀ նախագահի այցից հետո մեր հարաբերությունները կտեղափոխվեն որակապես նոր մակարդակ: «Մեր երկրները, որոնք հնագույն քաղաքակրթությունների կրողներ են, ունեն համագործակցության հսկայական ներուժ, ինչպես նաև՝ հայ-վրացական անխախտ բարեկամությունը մշտապես ամրապնդելու ցանկություն»,- ասել է նախագահ Սարգսյանը:

Այս պայմաններում մեր ժողովուրդը, ինչպես արդեն բազմիցս ասել ենք, բայց նորից ու նորից կրկնելու ենք, պետք է իրեն չպահի Թումանյանի “Չարի վերջը” հեքիաթի հիմար կկվի նման:

Եւ այստեղ չափազանց մեծ է այս հրապարակում հավաքվածների առաքելությունը:

Հայաստանը և հայությունը հայտնվել են աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական, ինչպես նաև ներքին գոյութենական մարտահրավերներին դեմ հանդիման:

Գիտակցելով հայկական քաղաքական դասի նախկին եւ ներկա ներկայացուցիչների անհամապատասխանությունը ծառացած մարտահրավերներին, մենք մեր լուծումն ենք առաջարկում: Դա հայկական գործոնի և նրա կորիզը կազմող հայկական պետականության վերակերտումն է, որը կապահովի Հայաստանի քաղաքացու և հայ մարդու ազատագրումը ներկա մղձավանջից, իսկ հանրային համերաշխությունը կդարձնի ճանապարհ դեպի ռազմաքաղաքական, տնտեսական և տեխնոլոգիական կայունության ափ:

Իսկ մինչ այդ՝ անմեղսունակների կրկեսը դեռ շարունակվում է:

4. Ուստի նորից խոսենք մեր անելիքներից …

Մենք շարունակում ենք ապրել արտակարգ իրավիճակում: Իսկ արտակարգ իրավիճակում ընտրություններ չեն անց կացվում: Արտակարգ իրավիճակում հակաճգնաժամային մոբիլիզացիա և այլ գործողություններ են իրականացվում:

Ազգային-ժողովրդավարական բեւեռը 44 օրյա պատերազմի ավարտից ի վեր, երկրի բոլոր քաղաքական ուժերին առաջարկել է անցումային կառավարության ձևավորում: Դրա համար մենք նկատի ունենք այնպիսի համերաշխության մթնոլորտի վերստեղծում, որի պարագայում է միայն հնարավոր սնանկ (բանկրոտ) “պետությունը” վերակենդանացնել և նորից կայունության ափ դուրս բերել:

Սակայն բանականության այս ձայնը ներկա քաղաքական դաշտում առայժմ  մնում է որպես “ձայն բառբառոյ յանապատի”:

Իսկ այժմ ծայրահեղ սրվում է վտանգը, որ մեր ժողովրդին պարտության հասցրած թշնամիները փորձեն այս ընտրություններն օգտագործել որպես առիթ մեր անկախ պետականության լիկվիդացիան ավարտին հասցնելու համար՝ սկզբում ցնցումներ ստեղծելով, ապա եւ ներսից պայթեցնելով ներքաղաքական դաշտը, ինչպես նաեւ կազմալուծելով անկախության եւ երկրի անվտանգության երաշխավոր բանակը:

Այս գոյութենական վտանգին ընդառաջ մենք պետք է գիտակցենք, որ միայն երկրի ինքնիշխանության աղբյուր հանդիսացող ժողովրդի քաղաքական հրապարակ դուրս գալուց է կախված լինելու դրա չեզոքացումը՝ ոչ թե ներկայացուցչական, այլ ուղիղ ժողովրդավարության միջոցով: Ուրեմն, սիրելի ժողովուրդ, որքան էլ ծանր լինի պատերազմի հարվածներից հետո սեփական ուժերի հանդեպ հավատը վերականգնելը, մենք նորից ու նորից  կոչ ենք անում գիտակցել մեզանից ամեն մեկի քաղաքացիական մասնակցության անհրաժեշտությունը:

Ինչպես ասում է Ազգային ժողովրդական Բեւեռի մեր մասնակիցներից  Նաիրա Բադալյանը ...

“Ովքեր են ԱԺ-ում նստած այդ մի բուռ խեղկատակները, որ քեզ ծնկի բերեն, ինչ ուզեն բարբաջեն ամբիոնից, ծաղրեն, զավակներիդ անթաղ մարմինները մոռացած՝ կեցցեներ ու ծափահարություններ ցնծացնեն:

Եթե մեռած չես՝ զարթնի՛ր:

''Նախկին ու ներկա'' կեղծ ընտրությունը պետք է քեզնից չխլի ոչ մի վայրկյան: Բոլոր ուժերդ պետք է ներդնես հանուն ԱՊԱԳԱՅԻ, հանուն ԻՆՔՆԻՇԽԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՊԱԳԱՅԻ:

ՎԵ՛Ր ԿԱՑ, ՈՐԴԻ, ԱՌԱՋՆՈՐԴԻ՛Ր

ՎԵ՛Ր ԿԱՑ, ՈՐԴԻ՛, ԱՌԱՋՆՈՐԴԻ՛Ր

Բաժիններ