Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին


Ֆրանսիական Հանրապետության Նախագահ պարոն Էմանուել Մակրոնին

Պարոն Նախագա՛հ
Թույլ տվեք սեւեռել Ձեր ուշադրությունը Հայաստանում այսօր ստեղծված ողբերգական իրավիճակի վրա։

Մեր երկրի դեմ իրականացված 44-օրյա ադրբեջանական հարձակումից հետո, որին աջակցել էին Ռուսաստանը, Թուրքիան եւ Իսլամական պետության ջիհադականները, Հայաստանի անվտանությունը, ինքնիշխանությունը եւ բուն պետականությունը հայտնվել են գոյաբանական սպառնալիքի տակ։

Արցախի զավթումը եւ Հայաստանի Հանրապետության փաստացի գաղութացումը Ալիեւի, Պուտինի եւ Էրդողանի կողմից շարունակում են 100 տարի առաջ սկսված հակահայկական քաղաքականությունը, որի խորհրդանիշն է 1921 թ․ մարտի 16-ի Լենին-Քեմալ Մոսկովյան պայմանագիրը։

Այդ պայմանագիրն, իր հերթին նախատիպն էր 1939 թ․ տխրահռչակ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի, որից սկսվեց Երկրորդ Աշխարհամարտը։ Հայաստանում այժմ կաթվածահար վիճակում են հայտնվել ժողովրդավարությունը եւ պետական համակարգը։ Վախի եւ անորոշության մթնոլորտը, արտագաղթի տրամադրությունները պատել են հայ հասարակությանը եւ շարունակում են սրվել ռուսական հատուկ ծառայությունների ու նրանց տեղական ցանցի ջանքերով, մինչդեռ Փաշինյանի կառավարությունը, որը պատերազմի ընթացքում մերժում էր Ֆրանսիայի քաղաքական աջակցության առաջարկները, անկարող է դիմակայել Հայաստանի հարավային սահմանի վերահսկողությունը զիջելու վերաբերյալ Մոսկվայի եւ Անկարայի ճնշմանը եւ պահանջներին։

Հայ ժողովրդի անունից Ազգային-Ժողովրդավարական Բեւեռը դիմում է Ֆրանսիային՝ մեր ավանդական դաշնակցին եւ պատմական բարեկամին, խնդրանքով ու կոչով՝ իրականացնելու մարդասիրական միջամտություն, տրամադրելու մեր երկրին համակողմանի ռազմական եւ ռազմատեխնիկական աջակցություն, ինչպես նաեւ օգտագործելու իր ազդեցությունը՝ Թուրքիային եւ Ադրբեջանին զսպելու համար։ Ազգային-Ժողովրդավարական Բեւեռը համարում է, որ 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունը սոսկ զինադադարի և հումանիտար հարցերի լուծման փաստաթուղթ է, ուստի խնդրում է Ֆրանսիային՝ օգնել վերադարձնելու Արցախյան հիմնախնդրի քննարկումը եւ լուծումը Մինսկի խմբի ձեւաչափ՝ օրակարգում դնելով Արցախի կարգավիճակի եւ այնտեղ միջազգային խաղաղապհներ տեղակայելու հարցերը։

Հատկապես կցանկանայի նշել, պարոն Նախագահ, որ հայ ժողովուրդը, որն ավանդաբար արեւմտյան քաղաքակրթության կրողն ու տարածողն է, պետք է վարականգնի իր առաքելությունը տարածաշրջանում: Այս նպատակով այն ավելի քան երբեւէ մենք ապավինում ենք Ֆրանսիայի աջակցությանը։

Ընդունեք, խնդրեմ, պարոն Նախագահ, իմ խորին հարգանքի հավաստիքը։

Տիգրան Խզմալյան
Ազգային-Ժողովրդավարական Բեւեռի խորհրդի անդամ
Երեւան, 2021 թ․ մարտի 15

Բաժիններ