Չտարակուսե՛նք, քաղաքակիրթ աշխարհը կհասկանա և կաջակցի մեզ



Հայաստանի գլխին հայտնվել է բոլշևիկյան թերմացքը։
Հարյուր տարի շարունակ մեր ընդերքի կեղտոտ ծալքերում կուտակված աղբը դուրս է եկել ջրի երես։ Նա ծաղրում է մեր տառապանքն ու երազանքը, լրբենի համառությամբ ոտնահարում է մեր արժեքները, վայրենու անտարբերությամբ կոխկրտում է մեր ամենանվիրական սրբությունները, թշնամուն է նվիրում մեր Հայրենիքը, ուրանում է Ցեղասպանությունն ու միլիոնավոր զոհերի հիշատակը, մանր առևտրականի գործնականությամբ օգտագործում և շահարկում է վերջին պատերազմում զոհված պատանիների ծնողների թուլացած ու խոցելի հոգեվիճակը։  Ինքնամաքրվելը դարձել է լինել-չլինելու հարց։

Թերմածքը վայելում է ռուս-թուրքական տանդեմի աջակցությունը և տիրապետում է զավթված պետության ու տնտեսության ռեսուրսներին, ուստի կարողանում է քանակ ցույց տալ կամ, առնվազն՝ իր հանդեպ լոյալության ընկալում ձևավորել։

Նման պարագայում մեծամասնության սկզբունքը շատ պարզունակ է դառնում։ Այն ոչ միայն չի աշխատում, այլև խանգարում է, քանի որ մեր իրականության մեջ վերածվում է բոլշևիկության (թարգմանաբար՝ մեծամասնականություն)։



Ուրիշ ելք չկա՝ ազգային-քաղաքական առումով ակտիվ շերտը պետք է ստանձնի ապագայի պատասխանատվությունը և կամք թելադրի։ Ով գիտակցում է, նա պարտավոր է։ Ժողովրդավարությունը քաղաքացիների, այլ ոչ թե անձնագիր ունեցողների մեծամասնությունն է։

Ժողովրդավարությունը այն մեծամասնությունն է, որի դրոշի վրա գրված է՝ "իրավունք և մարդկայնություն"։ Մարդատյաց և իրավունքը ոտնահարող մեծամասնությունը ժողովրդավարություն չէ։ Հակառակ դեպքում բոլշևիզմը և նացիզմը կդառնան ժողովրդավարություն։ Ժողովուրդները նույնպես հիվանդանում են։ Եվ նրանք բուժվում են կամ ներքին առողջ փոքրամասնության ճիգով կամ արտաքին միջամտության շնորհիվ։ Այո՛, մենք հիվանդ ենք։

Հիվանդ ենք նեոբոլշևիզմով։
Մեր դեպքում բուժման հավանական և ցանկալի տարբերակը առաջինն է՝ առողջ փոքրամասնության ճիգը։

Չտարակուսե՛նք, քաղաքակիրթ աշխարհը կհասկանա և կաջակցի մեզ։
Ի գո՛րծ, գիտակից և առողջ քաղաքացիներ։

Վարուժան Ավետիսյան

Բաժիններ